Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովն այս տարի ստացել է մասնակցության մեկ տասնյակից ավելի հայտ, որից ընտրվել է 10 մասնակից: Այս տարի մրցույթն ընդլայնել է իր աշխարհագրությունը. բացի Հայաստանի Հանրապետությունից, ստուգատեսին մասնակցում են նաև հայազգի պատանի ստեղծագործողներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից:
6-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մի շարք անվանի կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Երկու խմբերի հաղթող մասնակիցները կպարգևատրվեն նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ:
Հավելենք միայն, որ մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին, ժամը 16:00-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում (հասցե՝ Դեմիրճյան 25), մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, ժամը 12:00-ին մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին, իսկ մայիսի 13-ին, ժամը 16:00-ին կկայանա արդեն մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը: Միջոցառումների մուտքն ազատ է: